Կիպրոսը Եվրամիության պահանջով հայտարարել է, որ մինչև 100 հազար եվրո դեպոզիտների դեպքում դուրս կգրվի 6.75 %, իսկ ավելի խոշոր ներդրումներից` 9.9 %: Նշենք, որ Կիպրոսն օֆշորային գոտի է, և ՀՀ-ում գործող կազմակերպությունների մի մասը գրանցված է հենց այնտեղ:
«Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ, ֆինանսիստ Էմիլ Սողոմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Կիպրոսի բանկերում դեպոզիտների կրճատումը Հայաստանի վրա բացասական ազդեցություն չի ունենա, հակառակը՝ եթե ՀՀ-ից կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք կան, որոնք այնտեղ գումարներ էին պահում, այժմ ստիպված պետք է հանեն:
«Եթե այդ ալիքը մի քիչ ավելի ընդլայնվի ու տարածվի դեֆոլտի ենթակա եվրոպական այլ երկրների վրա, ես կարծում եմ՝ դա մեզ կօգնի ու չի վնասի: Դա կնպաստի եվրոյի փոխարժեքի անկմանը, որը մեր տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա: Իսկ եթե գումարները հանեն, ապա պետք է բերեն Հայաստան, որն ավելի ապահով վայր է, քան մնացած երկրները»,- ասաց Է. Սողոմոնյանը:
Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ բանկերում որպես ավանդ տեղաբաշխվի այդ գումարը, դա ի վերջո կնպաստի ՀՀ-ում ներդրումների ծավալի ավելացմանը:






































