Եմենի արևմուտքում գտնվող Հուդայդա քաղաքում անհայտ մոտոցիկլավարը կրակ է բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրանային քաղաքի վրա: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, հղում կատարելով ընդդիմության ներկայացուցչին, մեկ մարդ զոհվել է, ևս 8-ը տարբեր վնասվածքներ են ստացել:
Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան, երբ ընդդիմադիրների մեծ մասը դեռ քնած է եղել: Միևնույն ժամանակ, Al-Jazeera-ն հայտնում է, որ քաղաքի բնակիչները հարձակման են ենթարկվել առավոտյան աղոթքի ժամանակ:
Հարավ-արևմուտքում գտնվող Ադեն քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ինչպես փոխանցում է գործակալությունը, կրակահերթի ժամանակ մեկ ոստիկան է զոհվել, վնասվածքներ են ստացել ոստիկանության ևս երեք ներկայացուցիչ: Ցուցարարների շրջանում տուժածների մասին տեղեկություն չկա:
Մեկ օր առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել Եմենի մայրաքաղաք Սանաայում: Այդ ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով զոհվել էր 5 ցուցարար: Եվս 60 հոգի տուժել էին, որոնցից 23-ը գտնվում են ծանր վիճակում: Al-Jazeera-ն հայտնում է հարյուրավոր վիրավորների մասին, մեկ մարդ է զոհվել երեքշաբթի օրը Թաիզ քաղաքում:









































