Ընդդիմադիր պատգամավոր Գոգո Խաչիձեն հայտարարել է, որ փոքրամասնությունը չի պատրաստվում հիստերիա սարքել Ջավախեթիում պահպանվող տարածքների ստեղծման առնչությամբ և աջակցում է այդ նախագիծը: Նա ելույթ է ունեցել խորհրդարանի լիագումար նիստում պահպանվող տարածքների մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների թեմայով այսօրվա քննարկմանը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Նրա խոսքով՝ Ջավախքում պահպանվող տարածքների ստեղծումը շատ կարևոր է երկրի համար. այն մի կողմից՝ կզարգացնի զբոսաշրջությունը, մյուս կողմից՝ կպահպանի այդ եզակի վայրի բնությունը:
«Ցանկանում ենք ընդգծել մի կարևոր հարց: Եթե մենք առաջադրեինք այդ օրինագիծը, երբ մենք էինք իշխանության, ապա հռետորությունը կլիներ այսպիսին. այդ պարոնայք ցանկանում են 924 հեկտար բացառել պահպանվող տարածքներից, որպեսզի գումար աշխատեն, երկաթգիծ անցկացնեն, ինչ-որ բեռներ փոխադրեն և միլիոնատեր դառնան՝ ի վնաս մեր երեխաների: Ահա թե ինչպիսին կլիներ արձագանքը, որը մենք կստանայինք, և ինչպիսին ես հաճախ եմ ստացել, սակայն այն պետք է արվի և կարվի:
Մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ այդպիսի շքեղություն, որ հաճախ ընտրություն կատարի հօգուտ այն թեմաների, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի պահպանությանը: Ես շրջակա միջավայրի պահպանության կողմնակից եմ, սակայն երբ անհրաժեշտ է իրականացնել երկրի համար կարևոր նախագծեր, մենք մեզ չենք խայտառակի էժանագին պոպուլիստական ելույթներով և չենք շահարկի այդ թեման: Այդ նախագծով բնությունը մասամբ տուժում է, սակայն այդ առնչությամբ հիստերիա սարքել ո´չ ես, ո´չ էլ փոքրամասնությունը չենք պատրաստվում»,- հայտարարել է Խաչիձեն:









































