ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ-ում սպասվում են ապակենտրոնացման գործընթացներ: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանն, իհարկե, կուսակցության հիմնադիրն է, սակայն պետք է լինի ապակենտրոնացում, որոշումներ կայացնելու ավելի մոբիլ մեխանիզմ:
Ներկուսակցական ժողովրդավարության խնդիրը կարևոր է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Բացառությամբ Դաշնակցության՝ մնացյալ բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն չափով անձնակենտրոն են և կախված են մեկ մարդու որոշումից: ԲՀԿ-ն այդ իմաստով ոչ միայն մեկն է, այլև ամենակարկառուններից մեկը: Բանն այն է, որ այստեղ միայն մեկ մարդու որոշումից չէ, որ ամեն ինչ կախված է, այլ նաև մեկ մարդու ֆինանսներից, կարողությունից: Ավելին՝ այդ կարողությունն է առանցքայինը ԲՀԿ-ում, որովհետև եթե այն դուրս բերենք կուսակցության առանցքից, ապա կուսակցությունը կարող է փլվել անգամ Գագիկ Ծառուկյանի անձի մնալու պարագայում: Այսինքն՝ եթե կա Գագիկ Ծառուկյան, և չկան ֆինանսներ, ապա Ծառուկյանի ազդեցությունը կարող է միանգամից չեզոքանալ և ԲՀԿ-ն պահելու առումով լիովին անզոր դառնալ:
Ուրեմն ԲՀԿ-ն ապակենտրոնացնել կամ ներքին ժողովրդավարության տանել նշանակում է պարզել առաջին հերթին հետևյալ հարցը՝ իսկ Գագիկ Ծառուկյանը համաձա՞յն է կուսակցության մեջ որոշումներ կայացնելու իրավունքը զիջել այլ մարդկանց կամ կառույցի՝ թեկուզ մասնակիորեն, բայց շարունակել հանդիսանալ կուսակցության առանցքի՝ ֆինանսական բաղադրիչի միակ կամ գլխավոր հովանավորը: Հակառակ պարագայում կստացվի, որ Ծառուկյանը նույն ծավալով շարունակում է իր ֆինանսներով պահել կուսակցությունը, սակայն կորցնում է որոշակի իրավասություններ կուսակցության կառավարման և քաղաքական կուրսի մասով, եթե ստեղծվում են նոր կառույցներ, որոնք պետք է որոշումներ կայացնեն ավելի մոբիլ լինելու համար: Իսկ եթե այս կառույցների կայացրած որոշումները վերջում, միևնույն է, պետք է հաստատի Ծառուկյանը, ապա այստեղ, իհարկե, արդեն ակնհայտ է, որ ապակենտրոնացումը բացարձակ ձևական է, ոչ առարկայական, որովհետև այդպես Հայաստանում նաև իշխանությունն է ապակենտրոնացած՝ խորհրդարանն իր համար է որոշումներ կայացնում, կառավարությունը՝ իր, դատարանները՝ իրենց համար, սակայն այս բոլոր որոշումները դե յուրե լինելով անկախ՝ դե ֆակտո, ըստ էության, կայացվում են մեկ կենտրոնից:
Չի բացառվում, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը համաձայն է այն տարբերակին, որ շարունակի լինել կուսակցության հիմնական ֆինանսավորողը, սակայն կամաց-կամաց զիջի դիրքերը և պատրաստվի քաղաքականությունից լիովին հեռանալուն՝ դառնալով, այսպես ասած, ԲՀԿ-ի ոչ միայն հիմնադիր, այլև արդեն պատվավոր նախագահ: Սակայն այս դեպքում Ծառուկյանն, իհարկե, կպահանջի, որ ապակենտրոնացված որոշումների կայացման ունակ կուսակցությունը հանկարծ չընդունի իր բիզնես-շահերին և անվտանգությանը հակասող որոշումներ: Այսինքն՝ նույնիսկ այս դեպքում ապակենտրոնացում ասվածը ընդամենը ֆորմալ բնույթ է կրում:
Իրապես ապակենտրոնացնել ԲՀԿ-ն և կուսակցությանը օժտել մոբիլ ոչ միահեծան որոշումների մեխանիզմով հնարավոր է միմիայն կուսակցության ֆինանսական առանցքը ապակենտրոնացնելու միջոցով: Այսինքն՝ դա հնարավոր է, եթե գտնվի մեկը, ով պատրաստ է համապատասխան մասշտաբով ֆինանսավորել կուսակցությանը, որովհետև եթե չլինեն այդ ֆինանսները, մեծ է հավանականությունը, որ, ըստ էության, ապագաղափարական և հիմնականում կորպորատիվ-նյութական շահերով համախմբված ԲՀԿ-ում պարզապես մարդ չմնա՝ որոշումներ կայացնելու համար:












































