Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: Տոնը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի 30-րդ նստաշրջանում, որը կայացել է Փարիզում՝ 1999 թվականին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մարտի 21-ը՝ հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարի օրը, ընտրվել է որպես բնության և մարդկային հոգու ստեղծագործ էության թարմացման խորհրդանիշ:
Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման՝ պոեզիայի համաշխարհային օրը նշելու հիմնական նպատակն է խթանել լեզվական բազմազանությունը ու պոեզիայի միջոցով պահպանել անհետացող լեզուները: Օրը կոչված է աջակցելու նաև պոեզիայի զարգացմանը, վերադառնալու պոետիկ ընթերցանությունների ավանդույթին, պոեզիայի դասավանդմանը, պոեզիայի և արվեստի այլ տեսակների միջև երկխոսության վերականգնմանը:









































