Վերջին 2 տարում սմարթֆոնների համաշխարհային շուկան ցույց է տվել ամենացածր աճը, հայտնում է 3dnews.ru-ն: Խոշորագույն արտադրող է մնում Samsung-ը, սակայն Apple-ն էլ նրանից շատ հետ չի մնում, վկայում են Gartner-ի վերլուծաբանների տվյալները:
Ըստ նրանց հաշվարկների՝ 2015 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սմարթֆոնների վաճառքը կազմել է 330 միլիոն միավոր, ինչը 13,5 %-ով ավելի է անցյալ տարվա տվյալներից:
Պահանջարկի փոփոխության դինամիկան տարածաշրջանային շուկաներում միանշանակ չի եղել: Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում նկատվել է առաջընթաց տեղական և չինական արտադրողների շնորհիվ:
Առաջին անգամ Չինաստանում սմարթֆոնների իրացումը նվազել է` 2015 թվականի երկրորդ եռամսյակում 4 %-ով: Միաժամանակ համաշխարհային վաճառքի նրանց բաժինը 30% է:
Սմարթֆոնների վաճառքում առաջին տեղը, ինչպես նախկինում, գրավում է Samsung-ը, սակայն անցյալ եռամսյակում նրա մասնաբաժինը ընկել է 4,3%-ով՝ մինչև 21,9 %: Apple-ի ներկայության ցուցանիշը տարվա ընթացքում աճել է` 12,2 %-ից մինչև 14,6 %: Երրորդ տեղում Huawei-ն է` 7,8 %:








































