Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված նոր համաձայնագրով Հայաստանի սահմանի վրա ռուսական գազը կարժենա ոչ թե 189 դոլար, ինչպես ներկայումս, այլ 165 դոլար: Խոսքը 1000 խմ գազի գնի մասին է, որ հաշվարկվում է Հայաստանի սահմանի վրա: Հայաստանի տարածքում արդեն այդ գազի գինը աճում է ավելի քան կրկնակի և Հայաստանի սպառողի բնակարան մտնում մոտ 400 դոլարով՝ 1000 խմ դիմաց: Սակայն սահմանին գնի փոփոխությունից սպառողի համար գինը չի փոխվելու, և եթե մինչև հիմա սահմանի 189 դոլարն էր բնակարանում դառնում մոտ 400, ապա սրանից հետո 165 դոլարն է բնակարանում դառնալու 400: Այսինքն՝ հայ-ռուսական նոր համաձայնագրից շահողը տվյալ դեպքում միայն ռուսական «Գազպրոմի» 100 տոկոս սեփականություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, կամ պարզապես «Գազպրոմն» ինքը: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը տվյալ դեպքոմ հանդես է գալիս որպես թուղթ ստորագրող, որով ավելանալու են «Գազպրոմի» շահույթները, ոչինչ ավելի:
Այս մեխանիզմը փորձ է արվում թաքցնել այն պատճառաբանության ներքո, թե արժեզրկվել է դրամը, դոլարը թանկացել է, և ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիան» ու «Գազպրոմը» սահմանին գնի իջեցումով նպաստում են, որ բնակարաններում գազի գինը չբարձրանա: Բայց այս պատճառաբանությունը ծիծաղելի կամ տարակուսելի է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը», «Գազպրոմ Արմենիան» կամ որևէ մեկը Հայաստանի սպառողին որևէ կերպ հանգամանալից ու համոզիչ չի բացատրել, թե ինչպես է գազը Ռուսաստանից մինչև Հայաստանի սահման հազարավոր կիլոմետրեր անցնում և արժենում 189 դոլար, իսկ ահա Հայաստանի սահմանի ներսում արդեն, չգիտես ինչու, թանկանում կրկնակի:
Ավելին՝ բոլորովին վերջերս ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի անգամ մակերեսային ուսումնասիրություններից ակնհայտ դարձավ, որ դրա պատճառը, մեղմ ասած, կոռուպցիոն ռիսկերն ու չտնտեսված կառավարումն է:
Սրանից բացի՝ առկա է մեկ այլ հարց, որի ռացիոնալ և տրամաբանական պատասխանը ևս բացակայում է: Խոսքն այն մասին է, թե ինչու է ռուսական «Գազպրոմը», ըստ էության, ինքն իրեն Ռուսաստանից Հայաստան գազ վաճառում ոչ թե ռուսական ռուբլով, այլ՝ դոլարով: Ընկերությունը գազը վաճառում է ինքն իրեն, ըստ որում՝ հունվարի 2-ից արդեն, ըստ էության, վաճառում է, այսպես կոչված, միասնական տնտեսական տարածությամբ, սակայն չգիտես ինչու ինքն իրեն վաճառում է դոլարով, ոչ թե ռուբլով: Եվ եթե խնդիրը փոխարժեքն է, ապա ինչո՞ւ հարցը չլուծել ավելի հիմնավոր կերպով և անցնել պարզապես ռուբլու:
Ակնհայտ է, որ խնդիրը փոխարժեքը չէ, փոխարժեքը պատճառաբանությունն է: Իսկ խնդիրը «Գազպրոմի» շահույթներն ավելացնելն է: Բանն այն է, որ երբ «Հայռուսգազարդը» դեռևս 100 տոկոս գազպրոմական-ռուսական չէր, ձեռնտու էր դրան հնարավորինս թանկ գազ մատակարարելը: Երբ այն դարձավ 100 տոկոս ռուսական-գազպրոմական, ապա «Գազպրոմի» համար ձեռնտու դարձավ հնարավորինս էժան գազ վաճառելն ու Հայաստանի սպառողի վրա այդպիսով ավելի թանկ վաճառելը: Այսինքն՝ նոմինալ իմաստով սպառողի համար գինը մնում է անփոփոխ, սակայն սահմանի վրա գնի իջեցումով «Գազպրոմը» մեծացնում է, այսպես ասած, ներքին գնային հավելագրումը: Այլ կերպ ասած, ինչպես կասեր փառապանծ գեներալը, իհարկե՝ այլ առիթով, «մեխն էլ, ճագուճն» էլ տվել են «Գազպրոմի» ձեռքը, և ռուսական ընկերությունը կանի ինչ ուզում է և ինչպես ուզում է՝ Հայաստանի ու հայաստանցի սպառողի հաշվին: Ընդ որում՝ «մեխն ու չագուճը» «Գազպրոմի» ձեռքը տվել են գեներալն ու նրա կուսակիցները՝ կուսակցապետի գլխավորությամբ:











































