Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել նախագահի լիազորությունների սահմանափակման սահմանադրական փոփոխություններին, սակայն վարկանիշային քվեարկություն անցկացնելու դեպքում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախօրեին, ուշ երեկոյան, խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական փոքրամասնության հետ:
Սաակաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանում պետք է անցկացվի վարկանիշային քվեարկություն՝ պարզելու, թե խորհրդարանի մեծամասնությանը քանի ձայն է պակասում որոշումը 100 ձայնով ընդունելու համար:
Նախագահի խոսքերով` պակաս ձայները կտրամադրի փոքրամասնությունը:
«Իմ տվյալներով` սահմանադրական մեծամասնության համար նրանց չի բավարարում 6-7 ձայն, և մենք պատրաստ ենք տրամադրել դրանք»,- հայտարարել է նա:
Նախագահը կրկին ընդգծել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը ճնշումների և կաշառքի միջոցով կարողացել է ստանալ ընդդիմության մի քանի ձայն, սակայն այժմ ընդդիմության կազմում մնացել են միայն Ազգային շարժման գաղափարների համար մարտնչողները, որոնց առաջնորդն ինքն է:
Սաակաշվիլին նշել է, որ ընդդիմությունն աջակցում է այդ փոփոխություններին, որպեսզի Վրաստանում իշխող քաղաքական ուժից խլի այն փաստարկը, թե նախագահի կողմից կառավարությունը ցրելու սպառնալիքի կապակցությամբ չի կարող կատարել իր նախընտրական խոստումները:







































