Հալեպի մարզում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատվություն պետք է կրեն Թուրքիան և Կատարը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարություն է արել Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ալ-Զոուբին:
«Էրդողանի կառավարությունը և Կատարը բարոյական և մարդկային առումով պատասխանատվություն են կրում օրենքի առաջ Խան Ալ-Ասալ շրջանում (Հալեպի մարզ-1in.am) զինյալների իրականացրած ահաբեկչության համար, ինչի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 86 մարդ, հիմնականում խաղաղ քաղաքացիներ»,- ասել է Ալ-Զոուբին սիրիական պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ զենքը, որ կիրառվել է Հալեպի մարզում, արգելված է բոլոր միջազգային կոնվենցիաներով: Ալ-Զոուբին քիմիական լիցքով հրթիռի արձակումն անվանել է սիրիական հակամարտության «վտանգավոր սրում»:
«Պատասխանատվությունը կրում են այն երկրները, որոք զենք են մատակարարում և ֆինանսավորում են Սիրիայի ահաբեկիչներին»,- ընդգծել է Ալ-Զոուբին:
Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիրները հերքում են, որ քիմիական զենք են կիրառել և դրանում մեղադրում են իշխանություններին:









































