Samsung ընկերությունը մշակում է ձեռքի ժամացույցներ, որոնք կկարողանան կատարել նաև սմարթֆոնների գործառույթներ: Սարքի մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է Samsung-ի բջջային ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Լի Էն Հին:
Նա նշել է, որ իրենք աշխատում են ապագա ապրանքների ստեղծման ուղղությամբ, և ժամացույցը դրանցից մեկն է: Սարքի տեխնիկական առանձնահատկությունների և արժեքի մասին նա չի հայտնել:
Samsung-ի նոր «խելացի ժամացույցների» մասին առաջին շշուկները հայտնվել էին 2013-ի փետրվարին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ դրանք կաշխատեն Android օպերացիոն համակարգով և կկրեն Galaxy Altius անվանումը:
Samsung-ը նախկինում ևս թողարկել է հեռախոսի հետ համադրված ձեռքի ժամացույցներ: SPH-WP10 սարքը թողարկվել է 1999 թվականին: Այն համարվում է աշխարհում առաջին «ժամացույց-հեռախոսը»:
2009 թվականին հարավկորեական ընկերությունը թողարկել է S9110-ը՝ սենսորային էկրանով և Bluetooth մոդուլով:








































