Իսրայելցի խորհրդարանականները երկուշաբթի հաստատել են Բենիամին Նեթանյահուի նոր կառավարությունը, որից սպասում են խոշոր ներքաղաքական և սոցիալական բարեփոխումներ՝ պաղեստինցիների հետ փակուղի մտած բանակցությունների հանդեպ «ճուռակային» մոտեցումների պահպանմամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իսրայելի գոյության 65 տարում սա 33-րդ կաբինետն է, որի օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 68-ը, դեմ՝ 48-ը: Քվեարկությունից հետո սկսվել է նախարարների երդմնակալությունը: Այժմ նախարարները 22-ն են՝ 8-ով պակաս ազգային ռեկորդից, որը սահմանել էր նախորդ կառավարությունը:
Նեթանյահուի կարիերայի ընթացքում՝ երրորդ և երկրորդ անընդմեջ կաբինետը հիմնված է 5 կուսակցություններից կազմված կոալիցիայի վրա, որը Կնեսետում զբաղեցնում է աթոռների մեծ մասը՝ 68 տեղ:
Վարչապետի գլխավորած աջերի «Լիկուդ» և «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունները միավորվել են «Լիկուդ-Բեյտենու» բլոկում՝ Նեթանյահուի գլխավորությամբ: Աշխարհիկ, միջին դասի «Էշ Ատիդ» կուսակցությունը իր գործողությունները համակարգում է «Հրեական տան» հետ: Միակ ձախ և ամենափոքրաթիվ կուսակցությունը կոալիցիայում «Հա-Տնուան» է:
Նեթանյահուի 7 զինակիցներ նախարարական պորտֆելներ են ստացել, այդ թվում՝ Մոշե Յաալոնը, որը կղեկավարի պաշտպանության նախարարությունը: 4 նախարար էլ նշանակվել է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունից, որոնց առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը կարող է վերադառնալ արտգործնախարարի պաշտոնին, եթե հասարակական վստահության չարաշահման նրա գործը բարեհաջող ելք ունենա: Իսկ մինչ այդ պորտֆելը «պահ է տրված» Նեթանյահուին:
Ամենածանրակշիռ հաղթանակը «Էշ Ադիտինն» է: Ֆինանսների նախարարությունը կղեկավարի կուսակցության առաջնորդ, նախկին լրագրող Յաիր Լապիդը: Նրա կուսակից 4 ընկերներ նույնպես ընդգրկվել են կառավարությունում:
«Հրեական տնից» Նաֆթալի Բենետը կղեկավարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը, իսկ «Հա-Տնուայից» Ցիպի Լիվնին կղեկավարի արդարադատության նախարարությունն ու կզբաղվի պաղեստինցիների հետ բանակցությունների հարցերով: Նրա կուսակից, պաշտպանության նախկին նախարար Ամիր Պերեցը նշանակվել է բնապահպանության նախարար:









































