Նաիրա Զոհրաբյանը մարտի 1-2-ի դեպքերի բացահայտում պահանջելու բոլոր հնարավորություններն ունեցել է տարիներ առաջ, երբ ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչն էր: Բայց նա նույն ջանասիրությամբ չէր պահանջում, որ այդ դեպքերը բացահայտվեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանի անցած շաբաթ արած այն հայտարարությանը, թե իրենց համար կարևոր է իմանալ «ովքե՞ր են կրակել ժողովրդի վրա, ովքե՞ր են տվել կրակելու հրամանը, որտեղի՞ց են բերվել այդ կրակողները»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծին: Նախագիծն արդեն գտնվում է այսօր սկսված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Ն. Զոհրաբյանն այդ նիստի ժամանակ հայտարարեց, թե ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ նման հանձնաժողով ստեղծվի: «Բոլորս և հանրությունը պիտի ունենա հարցի պատասխանը`ովքե՞ր են կազմակերպիչները, ովքե՞ր են տվել կրակելու հրամաններ, և ովքե՞ր պիտի պատասխանատվություն կրեին դրա համար և չեն կրել»,- ասել էր Ն. Զոհրաբյանը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ տիկին Զոհրաբյանն այն ժամանակ այդ հարցերը նույն համառությամբ չբարձրացրեց: «Բայց եթե հիմա տալիս է… նա իր այդ հարցերի պատասխանները ստանալու շատ ավելի կարճ ճանապարհ ունի: Ընդամենը պետք է իր խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին հարցնի, թե ովքեր են իրեն հրաման տալիս, և ինքն ինչ ապօրինի հրամաններ էր տալիս, որի արդյունքում և «Չերյոմուխա 7»-ի կիրառման արդյունքում առնվազն 3 քաղաքացի մահացան: Առանց հանձնաժողով ստեղծելու՝ ԲՀԿ-ն ամենամեծ հնարավորությունն ունի բոլոր հարցերի պատասխանները ճշտել իր կուսակցության ներսում:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ գտնվում է ԲՀԿ-ի կազմում, որն այն ժամանակ շատ կարկառուն անձնավորությունն էր, ապահովում էր այդ գործընթացների արտաքին սպասարկման համակարգը և, բնականաբար, շատ տեղեկացված էր: Կարծում եմ, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող համակարգի լուրջ անդամներից մեկն էր: Այնպես որ ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ պետք է այս ամենը իրողություն դառնա, դրան պետք է նպաստեն կոնկրետ գործողություններով»,- եզրափակեց Ա. Քոչարյանը:









































