Քանի դեռ չկա և չի գործում կենսապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքը, ցանկացած տնտեսական քաղաքականություն դառնում է «կույրի քաղաքականություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նման սոցիալական քաղաքականություն իրականացնելու պարտավորությունը կոալիցիոն հուշագրում էլ է ամրագրված:
Սակայն ԱԺ-ում իրենց խմբակցության համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչները` 3 նախարարներ, Ա. Մինասյանի խոսքով, պատճառաբանում էին, թե չեն կարող իրականացնել իրենց իսկ ստանձնած պարտավորությունը:
Նշենք նաև, որ ՀՅԴ խմբակցության ներկայացրած առաջարկներում այս պահի համար կենսապահովման նվազագույն բյուջե է համարվել 61 հազար դրամը, որի հիման վրա էլ, ըստ ՀՅԴ-ի, պետք է հաշվարկվեն կենսաթոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը: