Եգիպտական այնպիսի հանգստավայրերում, ինչպիսիք են Շարմ-էլ-Շեյխը, Խուրհադան, կտեղադրվեն վեբ-տեսախցիկներ, որոնք ցույց կտան, թե որքանով է անվտանգ հանգիստը: Այս մասին մամլո ասուլիսին ասել է Եգիպտոսի զբոսաշրջության զարգացման վարչության նախագահ Նասեր Համդին:
Աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում կամ Լոնդոնում, մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնց վրա կհեռարձակվեն եգիպտական քաղաքներից պատկերներ, այդ թվում՝ այն վայրերը, որտեղ հուզումներ կան՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է իրավիճակը երկրի ամբողջ տարածքում:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Եգիպտոսում կան այնպիսի վայրեր, որտեղ հանգիստ է, և խռովություններ չկան»,- նշել է Համդին:
Նրա խոսքերով՝ զբոսաշրջիկների համար անվտանգ հանգստի ցուցադրումը եգիպտական իշխանությունների գլխավոր խնդիրն է: 2012թ.-ին Եգիպտոս է այցելել 11,5 միլիոն զբոսաշրջիկ: 2011թ.-ին ներքին քաղաքական խնդիրների պատճառով Եգիպտոս են այցելել ընդամենը 5 միլիոն զբոսաշրջիկներ, իսկ 2010թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 15 միլիոն:
Եգիպտական իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում երկիր կայցելի 13 միլիոն մարդ՝ նշել է Համդին: Նրա խոսքերով՝ 2013թ.-ի առաջին երեք ամիսներին զբոսաշրջիկների քանակն աճել է 33%-ով:
Ինչպես նշել է Համդին, իրավիճակը երկրում կայունանում է, համապատասխանաբար աճում է նաև զբոսաշրջության մակարդակը:








































