Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը «Արևելյան գործընկերության» շուրջ Լեհաստանի սեյմի նիստում արծարծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը.
«Ադրբեջանը դժգոհ է Ղարաբաղի հարցում ԵՄ պաշտոնատար անձանց դիրքորոշումից, որն ակնհայտորեն ու միանշանակ չի աջակցում երկրի տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, Ադրբեջանը դժգոհ է նրանից, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն «ապօրինի» այցեր են կատարում դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ ԵՄ-ը պաշտոնապես չի արձագանքում դրանց:
Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպային ինտեգրվելու խնդրին և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը: ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքված գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականին»:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերությունը» միտված է նրան, որ քաղաքական ու տնտեսական առումներով ԵՄ-ի հետ առավել մերձեցնի հետխորհրդային 6 երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Բելառուսին և Ադրբեջանին:









































