Պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին այսօր ցանկանում էր միանալ Լեռնային Ղարաբաղի Մարտունու երեք զորամասում ամիսներ առաջ, պաշտոնական տվյալներով, ինքնասպանություն գործած Հայկ Կալեյանի հայրը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մերուժան Կալեյանը նշեց, որ իր որդու մահը իրենց ներկայացվել է որպես ինքնասպանություն, սակայն իրականում տղային զորամասում սպանել են. «Բացառում եմ ինքնասպանության տարբերակը, իմ երեխան ինքնասպանություն չի գործել: Մի քննիչը վարձված էր՝ փոխել են, երկրորդն էլ 4 ամիս է՝ հետաքննություն է անցկացնում և ոչինչ չի պարզում»:
Նա հավելեց, որ իր տղան խնդիրներ չի ունեցել, դպրոցն ավարտելուց հետո գնացել է բանակ, անցել է բուժզննություն և որևէ հիվանդություն չի ունեցել, սակայն ծառայել է միայն երեք ամիս. «Պորտից 8 սմ վերև կրակել են՝ աջից, իսկ ինքը ձախլիկ է եղել, երկու հատ էլ ձախից են կրակել»,- ասաց նա:
Մերուժան Կալեյանն ունի 12-ամյա մի որդի, որին ոչ մի դեպքում բանակ չի ուղարկի:









































