Վատահամբավ Գուանտանամոյի բանտում (Կուբա)՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում, երկրորդ ամիսն է՝ շարունակվում է բանտարկյալների զանգվածային հացադուլը: Բանտարկյալների փաստաբանները արդեն բողոքով դիմել են Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելին:
Վերջին շաբաթներին աճում է լարվածությունը բանտարկյալների ու Գուանտանամո հատուկ բանտի ամերիկացի բանտապահների միջև՝ հայտնում է The Washington Post-ը:
Այդ տվյալների համաձայն՝ սկսած այս տարվա հունվարից, այսպես կոչված, «Ճամբար 6»-ում, որտեղ պահվում են բանտի 166 ձերբակալվածների մեծ մասը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ ուղղված վատ պայմանների դեմ:
«Ճամբար 6»-ի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թույլ է տրվում դռները չփակել, քանի որ այդտեղ գտնվող բանտարկյալները կատարում են պահապանների պահանջները, ինչի շնորհիվ ունեն տեղաշարժման փոքր-ինչ ազատություն՝ գրում է թերթը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հղված նամակում բանտարկյալների պաշտպանները հայտարարում են, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ճամբար 6-ի» բանտարկյալների մեծ մասը հացադուլ են հայտարարել: Նրանց տեղեկութուններով՝ որոշ մարդիկ արդեն 9-13 կգ-ով նիհարել են:
Փաստաբանների վկայությամբ՝ հացադուլին նախորդել են բանտարկյալների զանգվածային խուզարկությունները, այդ թվում՝ Ղուրան և այլ արգելված իրեր գտնելու նպատակով, ինչը մուսուլմանների կողմից դիտարկվում է որպես գրքի պղծում:
Իր հերթին, բանտի վարչակազմը պնդում է, որ հացադուլ է հայտարարել միայն 14 բանտարկյալ, որոնցից 6-ին ստիպողաբար սնում են:











































