Ջուրը Մարսի վրա որոշ լճերում պահպանվել է 200 մլն տարի հետո, երբ մոլորակի վրա չորացել են բոլոր օվկիանոսները: Այս մասին ասվում է Geology ամսագրում հրապարակված հոդվածում:
Ըստ նոր տվյալները վերլուծած գիտնականների՝ օվկիանոսների անհետացումից հետո Մարսը չի զրկվել ամբողջ ջրից: Նրանք վստահեցնում են, որ 3,6 մլրդ տարի առաջ խոնավությունը դեռ պահպանվել է «Մերիդիանի Պլանում» լճում հասարակածի մոտ՝ մոտ 160 կմ հեռու այն վայրից, որտեղ հիմա գտնվում է Opportunity մարսագնացը: Հետազոտության հեղինակները չեն բացառում, որ խոսքը Մարսի ամենաերիտասարդ լճերից մեկի մասին է, որը դարձել է ջրի վերջին աղբյուրը մոլորակի վրա:
«Երբ այդ լճում դեռ ջուր է եղել, Երկրի վրա արդեն կյանք է զարգացել: Զուգահեռներ տանելով՝ մենք կարող ենք ասել, որ Մարսի վրա այդ ժամանակ գոյություն են ունեցել միկրոբներ, և այդ լիճը հրաշալի վայր է եղել, որտեղ դրանք կարող էին ապրել»,- նշում է հետազոտության համահեղինակ Բրայան Հայնիկը՝ Կոլորադոյի համալսարանում մթնոլորտի և տիեզերական ֆիզիկայի ուսումնասիրության լաբորատորիայի աշխատակիցը:
Եզրակացությունը, որ հայտնաբերված խառնարանը նախկինում լիճ է եղել, մասնագետներն արել են աղի հիման վրա, որը հաջողվել է այնտեղ հայտնաբերել՝ Երկրի վրա չորացած ջրամբարների հատակի աղային կուտակումների նմանությամբ: Ըստ գիտնականների՝ աղը բանալին է հասկանալու, թե Մարսի վրա հատկապես որտեղ է ջուր եղել: Սակայն ժամանակային սահմանները պարզելը չափազանց դժվար է:











































