Այսօր խորհրդարանի նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չտվեցին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին ընթերցել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակ՝ պատճառաբանելով, թե այն չի առնչվում ԱԺ օրակարգին կամ վարման կարգին:
Զ.Փոստանջյանը երկրորդ անգամ ձայն խնդրեց և վերսկսեց նամակի ընթերցումը, սակայն Աբրահամյանը կարգադրեց կրկին անջատել Փոստանջյանի խոսափողը: Չնայած դրան «Ժառանգության» պատգամավորը շարունակեց առանց բարձրախոսի ընթերցել նամակը, ինչի դեմ ընդվզեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը. «Պարոն Աբրահամյա՛ն, խնդրում եմ Ձեզ՝ ապահովել մեր աշխատանքը, դուրս բերել պատգամավորին: Եթե Դուք դուրս չբերեք նրան, ես դուրս կգամ»:
Հ. Աբրահամյանի հերթական նախազգուշացումը ևս չազդեց Զ.Փոստանջյանի վրա, ով նամակի ընթերցումն ավարտելուց հետո միայն լռեց:









































