Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները երեկ Ազատության հրապարակում հանրային քննարկում անցկացրին՝ կապված ստվերային կառավարության ձևավորման հետ: Հանրային քննարկմանը մասնակցած Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որոշ անուններ, որոնք, իր կարծիքով, կարող են լինել նոր ստվերային կառավարության կազմում: Ցանկում ընդգրկված էին մի քանի տասնյակ գործիչների անուններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի անունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բորիս Նավասարդյանը նշեց, թե օրինաչափ է համարում, երբ իշխանությանը հավակնող քաղաքական ուժը ներկայացնում է այն մարդկանց ցուցակը, ովքեր կառավարությունում զբաղեցնելու են այս կամ այն պաշտոնը: Նրա կարծիքով՝ դրական կլիներ, եթե սա ավանդույթ դառնար, և ընտրություններից առաջ բոլոր քաղաքական կուսակցություններն իրենց ընտրողներին բացահայտ ներկայացնեին՝ ինչպիսին պետք է լինի ապագա կառավարությունը իրենց ընտրվելու դեպքում:
«Պարզ է, որ երեկ տեղի ունեցածն այլ իմաստ ուներ, բայց հուշելու առումով ստվերային կառավարության հնարավոր կազմը նորմալ գործընթաց է: Ինքս շատ շնորհակալ եմ իրեն և իր գործընկերներին, որ հիշել են իմ անձը, բայց միևնույն ժամանակ պետք է իմացած լինեին, որ քաղաքականության մեջ մտնելը, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնելը բացառում եմ: Ստվերային կառավարության կազմ մտնելը նշանակում է մտնել քաղաքականության մեջ, իսկ ես համարում եմ, որ նպատակները, երկրին ծառայելու այն հնարավորությունները, որոնք ունեմ, պետք է օգտագործեմ ոչ պաշտոնական ինստիտուտների մեջ մտնելով»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա հավելեց, որ զուտ որպես գաղափար՝ այն նորմալ է, մտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի տրամաբանության մեջ, թեև կոնկրետ ստվերային կառավարության առաջարկն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է այլընտրանքային երդմնակալության գնալ ապրիլի 9-ին, ապա բնական է, որ պետք է ունենա ստվերային կառավարություն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































