Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունը: Ուժերը չափեցին իսպանական 2 թիմեր՝ Լա Լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն և «Սևիլիա»-ն:
Արդեն 3-րդ րոպեին Էվեր Բանեգան բացեց հանդիպման հաշիվը: 7-րդ և 16-րդ րոպեներին Լիոնել Մեսսին տուգանային հարվածներով փայլուն գոլերի հեղինակ դարձավ՝ հաշվի մեջ առաջ մղելով իր թիմին:
44-րդ և 52-րդ րոպեներին «Բարսելոնա»-ն ևս 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ռաֆինյան ու Լուիս Սուարեսը:
Թվում էր՝ «Բարսելոնա»-ն վճռել է հանդիպման ելքը, բայց «Սևիլիա»-ն համաձայն չէր այդ մտքին: Սուարեսի գոլից 5 րոպե անց Խոսե Անտոնիո Ռեյեսը կրճատեց հաշվի տարբերությունը: 72-րդ րոպեին Քևին Գամեյրոն հաշիվը դարձրեց 4:3:
Բոլորը կարծես սպասում էին անդալուզյան ակումբի 4-րդ գոլին, քանի տեղի կունենար իսկական հրաշք: Թիմի նորեկների՝ Չիրո Իմոբիլեի ու Եվգենի Կոնոպլյանկայի ջանքերով այդ հրաշքը կայացավ: Իմոբիլեն դարձավ գոլային փոխանցման՝ Կոնոպլյանկան՝ գոլի հեղինակ:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Մեսսին հերթական վտանգավոր տուգանային հարվածը կատարեց: Բետուն դարձավ դժվարին սեյվի հեղինակ, բայց վրա հասած Պեդրո Ռոդրիգեսը մոտ տարածությունից գրավեց դարպասն ու հանդիպման հաշիվը դարձրեց 5:4:
Այսպիսով՝ «Բարսելոնա»-ն դրամատիկ պայքարում 5:4 հաշվով առավելության հասավ «Սևիլիա»-ի նկատմամբ՝ նվաճելով ՈւեՖԱ-ի սուպերգավաթը:






































