Կիպրոսը պետք է լքի եվրոգոտին առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն սխալ կլինի այժմ օգնության ծրագրի տրամադրման պայմաններով վարկատուների հետ համաձայնագրից հրաժարվել: Այս մասին հայտարարել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Քրիզոստոմոս II-ը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Կիրակնօրյա ժամերգությունից հետո նա լրագրողներին հայտնել է, որ վիրավորական է համարում Եվրախմբի դիրքորոշումը՝ որպես օգնության տրամադրման երաշխիք Կիպրոսին պարտադրել իրականացնել բանկային դեպոզիտների հարկում:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր երկրի տնտեսությունը հասցրել են նման ողբալի վիճակի, պետք է պատասխանատվության ենթարկվեն և դատապարտվեն ազատազրկման:
Արքեպիսկոպոսը կիպրացիներին կոչ է արել հանգիստ արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին և զերծ մնալ վնասակար հետևանքների հանգեցնող գործողություններից:
Շաբաթ օրը Բրյուսելում Եվրախմբի հանդիպման ժամանակ Կիպրոսի իշխանությունների և միջազգային վարկատուների միջև հակաճգնաժամային ծրագրի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն: Դրանից անմիջապես հետո Կիպրոսում որոշում է ընդունվել արգելափակել էլեկտրոնային բանկային օպերացիաները, որպեսզի դեպոզիտների տերերը իրենց ակտիվները արտերկիր դուրս չբերեն կամ տոկոսադրույքը չնվազեցնեն, ինչի հաշվին էլ դեպոզիտից հարկ կգանձվի:






































