Հացադուլի յոթերորդ օրը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն լավ է զգում:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակը մարդաշատ էր: ՀՀ քաղաքացիները գալիս և ստորագրում էին այն ձևաթղթի տակ, որում ասվում է, թե ՀՀ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, և «Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, պատրաստ եմ անմնացորդ նվիրվել պայքարին և ապրիլի 9-ին մասնակցել նոր Հայաստանի երդմնակալությանը»:
Մենք զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով նշեց, որ երեկվանից շատ մարդիկ են գալիս ստորագրելու, սակայն այսօր դեռ հստակ չի կարող ասել, թե քանիսն են միացել: Նա հավելեց, որ այդ նույն ձևաթղթից տալիս են քաղաքացիներին, որպեսզի իրենք տանեն իրենց մարզ, քաղաք, գյուղ և ստորագրելու ցանկություն ունեցող, բայց մայրաքաղաք հասնելու հնարավորություն չունեցողները ևս միանան այդ նախաձեռնությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուն՝ նշելով. «Ես կարծում եմ՝ հանրապետության երկրորդ պաշտոնյայի այցելությունը ոչ միայն քաղաքավարական ժեստ է, այլ նաև իրենից ենթադրում է որոշակի քաղաքական ենթատեքստ: Նա խոսում է երկխոսության և ողջամիտ փոխզիջումների մասին, ես կարծում եմ՝ եթե այդ շրջանակում գործի իշխանությունը և պարզ հայացքով նայի իրականությանը, ընդունի, որ կա համակարգային, համապետական ճգնաժամ, դրանից հետո պարզ է լինելու, որ առաջարկվող լուծումները կարող են լինել միայն համապետական մակարդակի»:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այդ առաջարկները պետք է լինեն բովանդակային, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առումով: Մեր այն հարցին, թե որ առաջարկի կամ փոխզիջման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե այն առաջարկն է, որի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը, այլ որ մի առաջակն է, որ առկա ճգնաժամը կլուծի: Րաֆֆի Հովհաննիսյանի այս ինքնազոհողությունը համակարգային ճգնաժամի լուծման համար է, ուստի այդ առաջարկները չեն կարող լինել մակերեսային, այլ ինչպես ես նշեցի՝ պետք է լինեն արտահերթ համապետական ընտրություններ և համակարգային խորը փոփոխություններ: Այն պահին, երբ գործող նախագահը կգա և կհանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ իրենք, ամենայն հավանականությամբ, կարող են լուծումների հանգել»:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը չբացառեց իր՝ Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցակը գլխավորելու մեր տեղեկությունը. «Ամբողջովին չեմ հաստատի, դեռ քննարկման փուլում է, հավանական թեկնածուներից մեկը ես եմ»:
Նշենք, որ Վիոլետ Գրիգորյանին հացադուլով փոխարինելու է եկել շախմատի դպրոցի մարզիչ Անահիտ Մելքոնյանը, ով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց Վեհափառի հայտարարությունից և նշեց, որ ծոմապահությունն ու հացադուլը շատ օգտակար է օրգանիզմի համար:
Մանրամասները՝ տեսանյութում…







































