Հնդկաստանի Կերալա նահանգի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես գրավի դիմաց ազատ արձակել երեք մետրանոց Ռաման անունով հսկա փղին, որը ավերածություններ էր սարքել փառատոնի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Life News-ը:
Ռաման փիղը դարձել է Հնդկաստանի առաջին կենդանին, որի դեմ ներկայացվել է երեք մարդկանց սպանելու մեղադրանք:
3.17 մետր հասակով մոխրագույն հսկան ամենաբարձրահասակ «տնայնացված» կենդանին է աշխարհում և այդ պատճառով պարբերաբար մասնակցում է միջոցառումներին և տոնակատարություններին:
2013 թ. հունվարի 27-ին կրոնական փառատոնի ժամանակ Կերալ նահանգում փիղն ավերածություններ էր արել, որի հետևանքով երեք կին զոհվել էր:
Ռամանի վարքի պատասխանատվությունը դրվել է նրա տիրոջ՝ Տաճարների վերահսկողության կոմիտեի վրա, իսկ ողբերգության մեղավորները ձերբակալվել են:
Հերթական դատալսման ժամանակ դատարանը համաձայնել է 42500 եվրոյի դիմաց և կոմիտեի երկու աշխատակիցների պատասխանատվությամբ ազատ արձակել փղին:
Ռամանին արգելվել է առաջիկա երեք ամիսների ընթացքում մասնակցել որևէ հրապարակային միջոցառման: Կենդանուն նշանակել են բժշկական հետազոտություն, որի արդյունքների հիման վրա իշխանությունները կորոշեն նրա հետագա ճակատագիրը:









































