ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները կարճ ժամանակով կարող է դառնալ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, քանի որ երկրի նախագահ Բարաք Օբաման մեկնում է Մերձավոր Արևելք, իսկ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վատիկան՝ մասնակցելու Հռոմի նոր պապի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահը և փոխնախագահը միաժամանակ մեկնում են շրջագայության: ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ եթե նախագահը և փոխնախագահը չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ապա իշխանությունը փոխանցվում է ներկայացուցիչների պալատի խոսնակին:
Հինգշաբթի Սպիտակ տունը հայտարարել է Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելք նախատեսված շրջագայության ժամանակացույցը, որը սկսվելու է մարտի 20-ին: Դրա հետ մեկտեղ նախօրեին փոխնախագահի գրասենյակը հայտարարել է, որ մարտի 19-ին Բայդենը ներկա է գտնվելու Հռոմի պապի երդմնակալության արարողությանը: Լրագրողների այն հարցին, թե վարչակազմն ինչու է դիմել այսպիսի աննախադեպ քայլի, ռազմավարական կոմունիկացիոն հարցերով նախագահի խորհրդական Բեն Ռոդսը խոստովանել է, որ ժամանակացույցի պատասխանատուները, ամենայն հավանականությամբ, չեն մտածել այդ մասին:
«Դա հետաքրքիր հարց է: Ես իրականում հստակ չգիտեմ՝ արդյոք նրանք միաժամանա՞կ կլինեն արտասահմանում: Կարծում եմ՝ առաջին միջոցառումը, որին ներկա է լինելու փոխնախագահը, կայանալու է երեքշաբթի, սակայն ուշ երեկոյան: Դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք»,- ասել է Ռոդսը:
Նա հավելել է, որ վստահ չէ՝ արդյոք Բայդենը արտասահմանում կլինի ա՞յն պահին, երբ Օբամայի ինքնաթիռը լքի ԱՄՆ օդային տարածքը: Նա չի բացառել, որ երկրի երկու առաջնորդները կարող են չլինել երկրում, սակայն շատ կարճ ժամանակով:
Դեռևս հայտնի չէ, թե փոխնախագահն ինչքան ժամանակ կանցկացնի Հռոմում և Վատիկանում:











































