Այսօր տեղի է ունենալու Հանրային խորհրդի ապագա կարգավիճակին նվիրված մինի-նիստ: Հուլիսի 1-ին լրանում է Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը. ՀԽ-ն պետք է գործեր 4 տարի ժամկետով:
«Հրապարակը» գրում է, որ այս օրերին աշխատանք է տարվում նոր ձև և բովանդակություն հաղորդել այդ մարմնին: Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդարձակել խորհրդի լիազորությունները՝ որպես քաղաքացիական հասարակությունը, ինստիտուտները ներկայացնող մարմին՝ ընդհուպ օրենսդրական կարգավորում: Կա երկու տարբերակ՝ կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է Աժ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Ըստ այդ նախագծի՝ Հանրային խորհուրդն այլևս Աժ-ում, կառավարությունում, ինչպես նաև համապատասխան պետական կոմիտեներում կունենա ներկայացուցիչ՝ կարծիք և եզրակացություն հայտնելու համար: Սպասվող փոփոխությունները ՀԽ-ն բավականին գրավիչ են դարձրել շատերի համար, որոշ տեղեկություններով՝ այն ղեկավարելու ցանկություն շատերի մոտ կա, սակայն, թերթի տեղեկություններով, Վազգեն Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել:









































