«Պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, բայց մենք կարող ենք ենթադրել, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող թեմաներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Իհարկե, կքննարկվեին նաև Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում հետընտրական զարգացումները խաղաղ ընթացք ունենան:
Ըստ իս՝ քննարկվել են նաև սոցիալ-տնտեսական հարցեր՝ Հայաստանի համար առավել կարևոր է ռուսական գազի գինը: Արդիական է նաև Եվրասիական միության հարցը»,- ասաց նա:
Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք նա այն տեսակետը, որ Ռուսաստանը փորձելու է Հայաստանին պարտադրել ինտեգրվել Եվրասիական միությանը, Ա. Կռիլովը պատասխանեց. «Խոսքն այնքան էլ պարտադրելու մասին չէ, հաճախ, իհարկե, հարցն այդպես է լուսաբանվում: Ավելի շուտ մենք կարող ենք խոսել երկկողմ շահերից բխող առաջարկների մասին, նաև՝ ԱՊՀ մյուս երկրների հետ: Հնարավոր է՝ որոշեն նաև, որ Եվրասիական միությունն ու Մաքսային միությունը իրենց պետք չեն, փոխարենն անհրաժեշտ է Եվրամիությունը, ուրեմն այստեղ պետք է հաշվել մինուսներն ու պլյուսները:
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համար շատ կարևոր է, թե որ երկրները կանդամագրվեն Եվրասիական միությանը: Բավականին դժվար է որևէ երկրի վզին փաթաթել այդ հարցը, ուղղակի եթե պետությունը հրաժարվում է այս կամ այն միությանը ինտեգրվել, նա զրկվում է շատ առավելություններից: Հիմա Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը առաջին եռյակն են՝ Հայաստանը կարող է լինել այդ միության չորրորդ պետությունը, բայց այն, իհարկե, կարող է նաև հրաժարվել՝ հիմնավորելով, որ իրենց առավել հարազատ է Եվրամիությունը»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր պետք է որոշի իր անելիքը:








































