Օրենքով արգելվում է ոչ ամերիկյան դրոշներ կիրառել կոմերցիոն նպատակներով, և ընդամենը իռլանդական տոնից մի քանի օր առաջ արգելվել է իռլանդական փաբից ծածանել Իռլանդիայի դրոշը:
Ատլանտիկ Բիչ քաղաքի պաշտոնական ծառայությունները համապատասխան որոշման մասին տեղեկացրել են բարի տերերին՝ միաժամանակ 24 ժամ հատկացնելով իռլանդական դրոշը հանելու համար:
Արգելքը շոկի մեջ է գցել փաբի տերերին՝ Քուլհեյն քույրերին, քանի որ այդ դրոշը ծածանվել է փաբից ութ տարի շարունակ:
Էյն Քուլհեյնը հայտարարել է. «Սբ. Պատրիկի օրը մեծ տոն է մեզ համար, ես ուղղակի չեմ կարողանում հավատալ»:
«Սա ԱՄՆ-ն է, բոլոր ազգությունների երկիրը: Մենք երբեք չենք խախտել օրենքը, ուղղակի ապշած ենք, որ չենք կարող բարձրացնել դրոշը»,- հավելել է նրա քույր Միշելը:
Քաղաքապետ Մարիա Մարկը տեղի հեռուստաալիքով հաղորդել է, որ բարձրացած աղմուկի կապակցությամբ տեղի իշխանությունները, հավանաբար, կվերանայեն օրենքը՝ չնայած մինչ կիրակի հազիվ թե հաջողվի շտկումներ մտցնել:











































