Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է այսօր բաց նամակ հրապարակել Եվրախորհրդարանի պատգամավորների անունով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, նամակում հստակ կսահմանվեն նոր իշխանությունների մոտեցումները ժողովրդավարությանը և դրա սկզբունքներին:
Նա ընդգծել է, որ Վրաստանում համագոյակցության գործընթացը «բարդ է ընթանում»:
«Ցավոք սրտի, մենք մինչև հիմա չենք կարողանում լիարժեք համագոյակցություն ապահովել Վրաստանի նախկին իշխանությունների հետ, քանի որ մտադիր ենք վերականգնել արդարությունը, ինչը մեր ժողովրդի պահանջն է»,- ասել է վարչապետը:
Իվանիշվիլին խոստովանել է, որ մինչև հիմա Եվրոպայում և ԱՄՆ-ում կա որոշակի տրամադրվածություն՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների՝ արդարությունը վերականգնելու գործողությունների:
«Ես նրանց կբացատրեմ, թե իրականում ինչ է տեղի ունենում այստեղ: Ինձանից շատ ժամանակ է պահանջվել Վրաստանում առկա իրավիճակի մասին ճիշտը պատմելու համար, և դա աստիճանաբար հասնում է ԱՄՆ-ին ուԵվրոպային»,- նշել է նա:
Իվանիշվիլիեն «Ազգային միասնական շարժում» կուսակցությանը և երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ևս մեկ անգամ կոչ է արել աջակցել նախագահի իրավունքները սահմանափակող սահմանադրական փոփոխություններին:
Վարչապետի խոսքերով՝ հակառակ դեպքում նրանց հեղինակությունը լիովին կփլուզվի: Նա ընդգծել է, որ այս հարցով խորհրդարանում քվեարկություն տեղի կունենա հաջորդ շաբաթ:







































