Հասարակությունը մինչև հիմա չի կարողանում վերահսկել իշխանություններին, և մենք մինչև հիմա չենք կարողանում ապահովել երկրի կառավարումը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին շրջանային մամուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Իվանիշվիլին շրջաններին խոստացել է տալ այնքան իշխանություն և տեղում կառավարելու լծակներ, որքան նրանք կարող են վեցրնել:
«Մենք արդեն ներկայացրել ենք շրջանային կառավարման ռազմավարություն, և դրա հիմքի վրա կկիրառվեն օրենսդիր գործողություններ»,- ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ ռազմավարության էությունն այն է, որ երկրի բնակչությունն ապահովի կառավարումը։ Նա նշել է, որ շրջաններում կստեղծվեն կառավարման երկու մակարդակի մարմիններ՝ շրջանային և քաղաքային: Բացի այդ, Վրաստանի 3500 գյուղերում կստեղծվեն կառավարման խորհուրդներ, որոնք նույնպես ընտրովի կլինեն:







































