Ճապոնիայի կառավարությունը 1 միլիոն դոլար է հատկացրել Կանադայի արևմտյան ափը հարյուր հազարավոր տոննա աղբից մաքրելու համար, որը օվկիանոս էր թափվել 2011 թ. մարտին Ճապոնիայի ցունամիի հետևանքով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Կանադայում Ճապոնիայի հյուպատոս Սեյջի Օկադան:
Նրա խոսքերով՝ այդ գումարը շնորհակալություն է օգնության համար, որ Կանադան ցուցաբերել է Ճապոնիային ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո:
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության գնահատականների համաձայն՝ օվկիանոսի մեջ հայտնվել է շուրջ 5 միլիոն տոննա աղբ, որի 70%-ը սուզվել է: Մնացած 1.5 միլիոն տոննան ջրի հոսքը քշում է ԱՄՆ-ի և Կանադայի ափեր:








































