Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու: «Ես այն կարծիքին եմ, որ պետության, ազգի համար լուրջ խնդիրները լուծում են պատշաճ պայմաններում, միտինգային եղանակով երբեք հարցեր չեն քննարկում և որոշումներ չեն ընդունում: Այդ քննարկումները ոչ թե՝ 15-20 րոպե, այլ օրեր են տևում: Ինչ վերաբերում է խնդիրը լուծելուն և փակուղուց հանելուն, դա լուրջ քննարկման խնդիր է, դրա համար այլ մթնոլորտ է պետք, այլ տեղ է պետք»,- ասել է Սահակյանը:
Հիմա դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կգնա Ազատության հրապարակ հարցը պնդել է «ՀԺ» թղթակիցը: «Ոչինչ չեմ բացառում, բայց դա ոչինչ չտվող բան է»:
Նշենք, որ նախօրեին հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ ևս Արտակ Դավթյանը չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ գնա Ազատության հրապարակ: «Իսկ ինչո՞ւ եք Դուք բացառում, որ նախագահը կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը: Եկեք այս հարցում կանխակալ մոտեցում էս գլխից չունենանք ու չասենք, որ չի գնալու: Ես ոչինչ չեմ բացառում: Նաև լավ կլինի, որ սրճարանում հանդիպում լինի և Րաֆֆի Հովհաննիսյանը օգտվի այդ սրճարանում մատուցած ծառայություններից և դադարեցնի հացադուլը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել էր Արտակ Դավթյանը:








































