«Մենք ունեինք առաջնորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գնացել է՝ ՀՀՇ-ի հետ միասին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդ, ինքը քաղխորհրդում ուներ ներկայացուցիչ՝ իր համակարգողին: Հիմա ինքը գնացել է՝ իր համակարգողն էլ հետը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության» նախագահ Սոս Գիմիշյանը՝ տեղեկացնելով, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը գոյություն ունի, և կառույցի կազմում մնացած կուսակցությունները շարունակելու են իրենց պայքարը միասին:
Սոս Գիմիշյանն ասել է, որ ՀՀՇ-ն չպետք է վերցներ ՀԱԿ անվանումը, քանի որ ժողովուրդը հինգ տարի այդ անվանմամբ դաշինքին էր ճանաչում: Սոս Գիմիշյանն ավելացրել է նաև, որ անվան նկատմամբ իրենք իրավական որևէ հիմք չունեն, և եթե «ՀԱԿ» կուսակցությունը դժգոհություն հայտնի, իրենք այլ անվանում կընտրեն: «Իրենք մտել են էդ դաշտ, որ անվան համար կռիվ անենք, բայց ես էդպիսի խնդիր չունեմ: Ինձ համար կարևորն էությունն է, որ մի խումբ կուսակցություններ միավորվում են և կռիվ են տանում»,- ասել է Սոս Գիմիշյանը:








































