ԲՀԿ-ն հայտնվել է քաղաքական զարգացումների լուսանցքում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հռետորաբանությանը:
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը քաղաքական զարգացումների առանցքում է: Նրա խոսքերով՝ ավելին, ԲՀԿ-ն հայտնվել է քաղաքական զարգացումների լուսանցքում: Ըստ քաղաքագետի՝ եթե նրա դերը կարևորվեց, ապա կարևորվեց շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի այցելությանը ԲՀԿ առաջնորդի գրասենյակ:
«Ես դա նմանեցնում են 2008 թ. նախագահական ընտրարշավից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՕԵԿ գրասենյակ այցելությանը, որից հետո Արթուր Բաղդասարյանը հայտնվեց հարթակում: Այս պարագայում, իհարկե, չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը հայտնվի հարթակում, որովհետև նրա համար հրապարակային քաղաքականությունը խորթ է։ Եվ չեմ կարծում, որ այդ զուգահեռը կարելի է շարունակել մինչև վերջ»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն պարզապես կփորձի երրորդ ուժի դեր ստանձնել և դրա հաշվին հերթական անգամ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասին գրավել իր կողմը:
Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց ոչ վաղ անցյալի հայաստանյան քաղաքական պատմությունը. Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կոշտ հռետորաբանությունն ընտրությունների նախաշեմին՝ ակնարկելով, որ ԲՀԿ-ն ևս դրան դիմում է Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին, որը բնական է: Նրա դիտարկումներով՝ այս ընտրություններում ԲՀԿ-ն պետք է կարողանա հավաքել ավելի շատ ձայն, քան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններում, և այդ դեպքում նրան հնարավորություն կտրվի վերադառնալ կոալիցիա, իսկ եթե չկարողացավ հավաքել ավելի շատ ձայն, քան Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը, բնականաբար, այդ դեպքում «հաջորդ դաս»-ը չի լինի:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ քաղաքագետն ասաց, որ դա «շախմատի ձիու քայլ է»: «Ստեղծված պայմաններում դա միակ քայլն էր, որը կարող էր ապահովել այս շարժման զարգացումը, ընդլայնումը, դրա զանգվածային հենքի հզորացումը»,- նկատեց նա:








































