«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չվի հետ:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և «Խոսրովի անտառ» արգելոցի հատուկ ջոկատի տեսուչները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին:
Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ:





































