«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին դրամի արժեզրկումը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պլանավորել է Սերժ Սարգսյանի հետ միասին: Հիշեցնենք, որ 2009թ. արժեզրկման դեպքում դարձյալ հրապարակումներ եղան, թե այն պլանավորվել է նախագահականում:
Մասնավորապես, հայտնի վիկիլիքսյան բացահայտումներում ևս այս մասին հրապարակումներ եղան, թե՝ Ա. Ջավադյանն ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին պատմել է, որ Ս. Սարգսյանի հետ հաճախ է քննարկել դրամի ամրապնդումը դադարեցնելու՝ նախագահի մարտի 3-ի որոշումը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտի 3-ին 1 դոլարը 300 դրամից կտրուկ բարձրացավ 380 դրամի: «Վիքիլիկսի» հրապարակումների համաձայն՝ մարտի 2-ին, ուշ երեկոյան, Ա. Ջավադյանը հանդիպել է նախագահի, Գլխավոր դատախազի, ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հետ՝ քննարկելու հանրային հուզումների դեպքում չնախատեսված հանգամանքները, երբ ԿԲ-ն հայտարարի նոր քաղաքականության մասին: «Վիքիլիկսի» ներկայացմամբ՝ Ա. Ջավադյանը դեսպանին նաև պատմել է, որ նախագահը պահանջել է ապահովագրվել օլիգարխներից, ներկրող մոնոպոլիստներից, որպեսզի դրամի կտրուկ արժեզրկման դեպքում բարձր գնաճ թույլ չտան:
Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ է դրամի արժեզրկման հարցը Ա. Ջավադյանի ու Ս. Սարգսյանի միջև քննարկվել նախագահականում: Սակայն այս անգամ որոշվել է դա անել ոչ թե մի գիշերվա ընթացքում, այլ աստիճանաբար: Ամեն դեպքում անցած մեկ ամսում դոլարը 406 դրամից հասել է 415 դրամի: Եվ դրամի արժեզրկման դանդաղ տեմպերն ապահովելու համար անցած շաբաթ կտրուկ ինտերվենցիա է կատարվել, և ֆոնդային բորսայում կատարված 25 մլն դոլարի գործարքից 21.5 մլն դոլարը ԿԲ-ն է վաճառել:
Դժվար է ասել, թե այս անգամ օլիգարխների և մոնոպոլիստ ներկրողների կողմից գնաճային ցանկությունները զսպելու ինչ քննարկումներ են եղել, բայց եթե դրամը շարունակի արժեզրկվել, թանկացումներն անխուսափելի են: Ի դեպ, վիքիլիկսյան նույն հրապարակումներում նշված էր նաև, թե Ա. Ջավադյանը ասել է, որ մեր երկրում նախագահն է բիզնես-ոլորտի միակ երաշխավորը: Այսինքն՝ նա կարող է ազդեցություն ունենալ գների տատանումների վրա:
Ավելացնենք, որ դեռևս աշնանը փորձագետները կարծիք էին հայտնում, թե դրամը նորից կարժեզրկվի, բայց դա մինչև ընտրությունները թույլ չեն տա՝ ընտրական տրամադրությունների վրա չազդելու համար, և ԿԲ-ն դա կանի ընտրություններից հետո՝ դանդաղորեն ապահովելով դրամի արժեզրկումը:










































