Մինչ Արևմուտքը ձգտում է մեկուսացնել Իրանին վիճահարույց միջուկային ծրագրի պատճառով, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը փորձում է հարաբերություններ կառուցել հարևանի հետ՝ առանց միջազգային պատժամիջոցների խախտման, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ողջ քրիստոնյա Հայաստանում միայն մեկ մզկիթ կա: «Կապույտ մզկիթը» Իրանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է 15 տարի առաջ:
Մզկիթն առաջարկում է պարսկերենի դասեր և կարևոր վայր է իրանցի պաշտոնյաների, օրինակ՝ Մահմուդ Ահմադինեժադի այցելության համար: Վերջինս Հայաստան էր եկել 15 ամիս առաջ՝ հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հիշեցնում է ռադիոկայանը:
Հայաստանը գտնվում է երկու պատմական թշնամիների միջև՝ արևմուտքում Թուրքիան է, արևելքում՝ Ադրբեջանը: Այդ երկու երկրների հետ Հայաստանը չունի առևտրային կամ դիվանագիտական կապեր: Փոխարենը` Հայաստանն առևտուր է իրականացնում հյուսիսում գտնվող քրիստոնյա հարևան Վրաստանի հետ և այժմ փորձում է ընդլայնել առևտուրն ու ներդրումները դեպի հարավ՝ Իրանի հետ:
«Հայաստանը Իրանի միակ հարևանն է, որտեղ Իրանի ռեժիմը կամ կառավարությունը բավականին հարմարավետ են զգում, և ըստ էության ձգտում են ընդլայնել հարաբերությունները,- հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:- Առկա է մեկուսացման ընդհանուր զգացողությունը, որտեղ Իրան ու Հայաստանը շրջապատված են զգում կամ թշնամական, կամ հակառակորդ պետություններով, իրենց զգում են շրջափակման կամ պատժամիջոցների ներքո»:
Իրանն ու Հայաստանը բաժանված են 35 կմ երկարությամբ
նեղ սահմանով, որը ձգվում է Արաքս գետի երկայնքով: Երկու երկրները միմյանց են կապում երկու լեռնային ճանապարհներ: Իրանը տնտեսության ծավալով և տարածքով 50 անգամ գերազանցում է Հայաստանին:
Երկար և երբեմն նաև վտանգավոր ցամաքային ճանապարհը հայերին ստիպում է այլընտրանքներ փնտրել: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ առաջնային է Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղին դեպի հարավ ընդլայնելը: Նրա խոսքով՝ ներդրումներ գտնելու դեպքում իրենք կարող են հայկական երկաթուղին միացնել իրանական երկաթուղային ցանցին և հասանելի լինել Հնդկական օվկիանոսին և Պարսից ծոցին:
Վեց տարի առաջ հայերը սկսեցին իրենց բնակարանները ջեռուցել Իրանից նոր գազատարով մատակարարվող երկնագույն վառելիքով: Այժմ Հայաստանը ցանկանում է Իրանից եկող նավթամթերքի խողովակաշար և գետի սահմանային հատվածում երկու ՀԷԿ կառուցել: Սակայն, Իսկանդարյանի խոսքով՝ իրանական միջուկային ծրագրի պատճառով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են արգելափակել այդ նախագծերի ներդրումները:
Չնայած պատժամիջոցները վնասել են Իրանի տնտեսությունը և կրճատել առևտուրը Հայաստանի հետ, Կիրակոսյանը մեկ լուսավոր կետ է տեսնում:
«Իրանի կառավարությունը, ըստ էության, արգելել է շքեղ համարվող իրերի, այդ թվում՝ նոթբուքերի, կոսմետիկայի պարագաների և նույնիսկ շոկոլադի ներմուծումը»,- ասել է Կիրակոսյանն ու հավելել, որ հետևաբար դա կխրախուսի սև շուկայի առաջխաղացմանը, քանի որ զբոսաշրջության նպատակով Հայաստան գալով՝ իրանցիները կարող են ձեռք բերել այդ արգելված ապրանքները:
Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի խոսքով՝ շատ իրանցիներ գալիս են ու բնակարաններ ձեռք բերում, դա նշանակում է, որ նրանք նախապես վայր են փնտրում, որտեղ կկարողանան տեղավորվել պատերազմի բռնկման դեպքում:
Իրանցիների և հայերի համագործակցությունը սկսվել է 3000 տարի առաջ՝ Էրեբունու կառուցումից: Եթե ներկայիս առաջնորդներն իրենց սեփական ուղով շարժվեն, երկու հնագույն հարևանները կշարունակեն առևտուրը, այցելություններն ու քիչ ուշադրություն կդարձնեն արտաքին աշխարհին, եզրափակում է ռադիոկայանը:









































