Հետևելով ուղեղի աշխատանքին՝ գիտնականները եզրակացրել են, որ քնից հետո մենք կարող ենք հիշել նույնիսկ վաղուց մոռացված բաները: Նեյրոֆիզիոլոգների հոդվածը հրապարակված է Cortex պարբերականում:
Էքսեթերի բրիտանական համալսարանից հետազոտության համահեղինակ Նիկոլաս Դյումեն նշել է. «Քնից հետո գործնականում կրկնապատկվում են հիշելու հնարավորությունները՝ այն, ինչ չէր հաջողվում ակտիվության նախորդ շրջանում: Տվյալ փաստը վկայում է այն մասին, որ մեր որոշ հիշողություններ «սրվում են» քնի ժամանակ»:
Փորձի շրջանակներում մասնակիցները նայել են բառերին, որոնք հայտնվել են համակարգչի էկրանին: Մի քանի րոպե հետո կամավորները կրկնել են, ինչ հիշել են: Հաջորդ ստուգումներն անցկացվել են 12 ժամ անց՝ քնից առաջ և հաջորդ օրը:
Պարզվել է՝ առավոտյան փորձի մասնակիցներն ավելի շատ մոռացված բառեր են հիշել, քան նախորդ փորձերի ժամանակ: Նեյրոֆիզիոլոգները նշում են, որ դա կապված է այն բանի հետ, որ ուղեղի հատուկ կենտրոնը՝ հիպոկամպը, պարբերաբար «վերականգնել է» հիշողությունները:









































