«Բնական է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն է գլխավորում Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակը. նա զբաղեցրել է ԱԺ ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Երբ ամբողջ ցուցակը հայտնի լինի, կարելի է անդրադառնալ, թե ցուցակն ինչ սկզբունքով է կազմվել»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկումը, թե՝ ավագանու ընտրությունից հետո կհավաքվեն և կորոշեն, թե ով է լինելու քաղաքապետը, ասաց, որ իր համար անհասկանալի է միայն դա: «Երևի իրենք որոշում են, որ մի օր մեկը պետք է լինի, մյուս օրը՝ մեկը. ով իրեն խելոք չպահի՝ «խփեն»-հանեն. երևի այդպես են մտածում»,- կատակեց Կարեն Քոչարյանը: Վերջինիս խոսքով՝ դա քաղաքական քայլ է, որն ընդունված է, և շատերն են դրան դիմում: Դա խնդիր չէ՝ գոնե քաղաքական առումով:
«Կարծում եմ՝ իրենք կասեն, թե ով է լինելու ապագա քաղաքապետը իրենց հաղթանակի դեպքում: Դա քաղաքական ռազմավարություն է, որին դիմել է կուսակցությունը»,- նկատեց Կարեն Քոչարյանը:
Հարցին՝ ինչի՞ կարող է հավակնել ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ունեցած դիրքորոշումից հետո, Կ. Քոչարյանը պատասխանեց, որ դեռ վաղ է կանխատեսումներ անել:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշում էր կայացվել մասնակցել մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ ցուցակն այս ընտրություններում կգլխավորի Վարդան Օսկանյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































