Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ապրիլի 18-ին Կիևում հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված է լինելու ընտրություն կատարել Մաքսային միության և Եվրամիություն հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու միջև: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Ըստ Բառոզուի` Ուկրաինան չի կարող միաժամանակ և՛ այստեղ, և՛ այնտեղ լինել. «Իհարկե, Ուկրաինայի համար շատ դժվար կլինի բանակցություններ վարել ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ, եթե նա միանա Մաքսային միությանը, որի անդամ երկրները առևտրական համապատասխան համաձայնագրեր չունեն ԵՄ-ի հետ»,- ասել է Բառոզուն:
Մինչդեռ անմիջապես Բառոզուից հետո Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իր երկրի համագործակցությունը Մաքսային միությանը չի կարող խանգարել Եվրոպական Միության հետ ազատ առևտրային գոտու ստեղծմանը, իսկ ապագայում կնպաստի եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացներին:
Հիշեցնենք, որ Մաքսային միության անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, իսկ Ուկրաինան ձգտում է դրան, ինչի մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը:












































