«Տվյալ պարագայում սա, իհարկե, ծայրահեղ քայլ է, բայց համարում եմ, որ ստեղծված պայմաններում դա շատ ճիշտ որոշում էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին:
«Համենայդեպս, դա այն քայլերից էր, որ տեղավորվում է, այսպես ասած, խաղաղ մարտավարության սահմաններում, իսկ նա, ինչպես մենք բոլորս արդեն համոզվեցինք, խաղաղ քայլերի կողմնակից է: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում արդյունքը դրական կլինի»,- իր տեսակետը հայտնեց Արկադի Վարդանյանը:
Հարցին՝ արդյոք ակնկալվող դրական արդյունքն ա՞յն է, որ Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ և, ինչպես Հովհաննիսյանն է ասում, իշխանությունը կհանձնի ժողովրդին, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Այդպիսի նկատառումներ չունեմ: Ես, համենայնդեպս, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո շատ բաներ կպարզվեն, և ավելի հստակ մեկնաբանություն կարելի է հնչեցնել միայն այդ հանդիպման արդյունքներին ծանոթանալուց հետո: Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած այդ մարտավարությանը, ապա ես երկու ձեռքով կողմ եմ դրան»:
Պարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ չի միանում «Ժառանգության» առաջնորդին, վերջինս ասաց. «Մի քանի հոգի միացել էին, և նման միտք ես էլ ունեի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը շատ կտրուկ խնդրեց, որպեսզի իրեն միայնակ թողնեն հացադուլի շրջանակներում:
Ես էլ կարծում եմ, որ դա ավելորդ կլինի, որովհետև հացադուլը թամաշա չէ. եթե մի շարք գործիչներ կամ շարքային քաղաքացիներ միանան Րաֆֆի Հովհաննիսյանին, դա արդեն կդառնա թամաշա, այնպես որ՝ ինքը շատ ճիշտ է արել, որ նախընտրում է միայնակ հացադուլ անել»:
Քաղաքագետը նաև չի կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը կհիասթափեցնի Ազատության հրապարակում հավաքված մարդկանց. «Ո՛չ, ես չեմ կարծում, թե կհիասթափեցնի, ընդհակառակը՝ ինձ թվում է, որ դա ավելի կոգևորի ժողովրդին: Դրանում մենք կհամոզվենք ուրբաթ օրվա հանրահավաքի ժամանակ: Ես կարծում եմ, որ այն շատ հզոր է լինելու»:









































