Սերբիայի հատուկ պետական հանձնաժողովը մինչև մարտի վերջ կբացի սոցիալիստական Հարավսլավիայի 1980 թ. մահացած առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները, որոնք գտնվում են Ազգային բանկում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ և Սերբիայի նախագահի խորհրդական Օլիվեր Անտիչը:
Հանձնաժողովում ընդգրկվել են նաև Սերբիայի նախագահի ևս մեկ խորհրդական՝ Միլորադ Սիմչին և նախագահի քարտուղարության ղեկավարի տեղակալ Նենադ Եվրևովիչը: Իշխանությունները մտադիր են խուսափել ԶԼՄ-ներում մեծ աղմուկից, այդ պատճառով գործընթացի հստակ օրը չեն նշում:
«Չհրկիզվող պահարանների բացման ժամանակ ներկա են գտնվելու միայն մեր հանձնաժողովի անդամները, և այդ մասին մենք դատարանին կտեղեկացնենք: Հաշվի առնելով այն, որ չհրկիզվող պահարանների պարունակությունը հայտնի չէ՝ դրանք կարող են լինել Տիտոյի անձնական իրերը կամ պետության սեփականություն, հանձնաժողովի խնդիրն է պարզել պահպանված պարկերի պարունակությունը»,- հաղորդել է Անտիչը:
Նա նշել է, որ Տիտոյի անձնական իրերն ավելի ուշ կարող են փոխանցվել Բելգրադի դատարանին, որը ունեցվածքը կբաժանի նրա ժառանգների միջև: Եթե դատարանը նախաքննության ընթացքում չկարողանա երաշխավորել հայտնաբերված իրերի անվտանգությունը, դրանք կմնան Ազգային բանկում:
Սոցիալիստական Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն մահացել է 1980 թ. մայիսի 4-ին 87 տարեկան հասակում: Նրա մահից հետո Հարավլսավիայի նախագահի կողմից կազմված հանձնաժողովը Բելգրադի նախագահական նստավայրից նրա իրերը տեղափոխել է Ազգային բանկ, որտեղ մինչև հիմա դրանք պահվում են: Համարվում է, որ նախկին իշխանություններին ուղղակի չի հետաքրքրել այդ ունեցվածքը կամ հատուկ են «մոռացել» դրա մասին՝ որոշակի պետական գաղտնիք պահելու համար:









































