Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը խոսեց Երևանի ավագանու ընտրություններից, դրա առանձնահատկությունից և Երևանի տնտեսությունից:
Բանախոսը հիշեց 2009 թ., երբ ընդունվեց Երևանի մասին օրենքը, ընտրվեց առաջին ավագանին՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից: Ըստ նրա՝ բավական դժվար էր լինել առաջինը, քանի որ ավագանու գործառույթը ստեղծագործական աշխատանք է: Նաիրա Նահապետյանի գնահատմամբ՝ կարողացան առաջին իսկ օրվանից մտնել հոգսերի մեջ, բավական ծավալուն, լուրջ աշխատանք կատարել, որի արդյունքը զգում է յուրաքանչյուր երևանցի:
«Բավական աննախադեպ էր չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ փոխելը, վերջին քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք ունենք լուրջ հետք Երևան քաղաքում: 2012 թ. ընթացքում իրականացվել է 2,5 մլն քառակուսի մետր ասֆալտապատում, 530 հա տարածք ունեինք կանաչապատված, մեկ տարվա ընթացքում ևս 30 հազար ծառ է տնկվել, երևանցին ամեն օր է նկատում Երևանի փոփոխությունը»,- նշեց բանախոսը՝ շարունակելով, որ մայիսյան ընտրություններին պետք է ընտրել նրան, ով կարողանում է ղեկավարել Երևանի տնտեսությունը:
Հարցին, թե ինչու Երևանի ավագանու կազմում քննարկումներ չկան, որոշումներն ընդունվում են միաձայն՝ պատասխանեց, որ ավագանու նիստերն աշխատանքի միայն տեսանելի մասն է: Նրա խոսքով՝ բոլոր հանձնաժողովներն առանձին-առանձին աշխատում են, հանձնաժողովի նիստեր են անցկացվում շաբաթը մեկ անգամ կամ տասը օրը մեկ: «Դիսկուսիաները, խոսակցությունները, նիստի օրակարգից հարց հանելն իրականացվում է հանձնաժողովների աշխատանքների ընթացքում, նիստին ներկայանում ենք հարցերը կարգավորած: ԲՀԿ-ի հետ էինք աշխատում, լուրջ հարցեր են հանվել: Դրսից է միայն թվում, թե հարց չեն քննարկում, ամիս մեկ անգամ պարտադիր հարցուպատասխան ենք նաև ունենում»,- պարզաբանեց Նաիրա Նահապետյանը:
Քաղաքի խնդիրներից Նաիրա Նահապետյանն առանձնացրեց Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունը: «Շատ թանկ հաճույք է վերելակի փոփոխությունը, դա լուրջ հարց է, ամենակարևորը նաև քաղաքի կանաչապատումն է, լուրջ գումարներ են նախատեսվում»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նա ասաց, որ նորընտիր քաղաքապետի դերում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա նշեց, որ վերջին քսան տարվա ընթացքում նա միակ քաղաքապետն էր, ով ճանաչվեց Երևանի լավագույն քաղաքապետը և այսօր էլ լուրջ ներդրումային ծրագիր ունի: Եզրափակելով իր խոսքը՝ Ն. Նահապետյանն ասաց, որ 2009 թվից սկսած՝ իսկապես հաջողվեց կայացնել Երևանի ավագանու ինստիտուտը: Ուստի, նրա կարծիքով, հաշվի առնելով Երևանի ավագանու գործունեության առանձնահատկությունները, ընտրություններին պետք է ճիշտ որոշում կայացնել:









































