ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հաջորդ շաբաթ Իսրայել կատարելիք եռօրյա այցի անվտանգությունը կապահովի ավելի քան 10 000 զինվոր: Այս մասին հայտնել է ոստիկանության մամլո քարտուղար Միկկի Ռոզենֆելդը՝ հաղորդում է mignews.com-ը:
Ռոզենֆելդի խոսքով՝ անվտանգության ուժերի պատրաստությունը իր տեսակի մեջ խոշորագույնն է այն ժամանակից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2008-ին այցելեց Իսրայել:
Օբաման շրջապատված կլինի 500-հոգանոց անձնակազմով: Նրա անվտանգության գաղտնի ծառայությունները կաշխատեն ներքին անվտանգության վարչության հետ համատեղ:
Ռոզենֆելդը նաև նշել է, որ ոստիկանության կազմում կլինեն նաև հակաահաբեկչական խմբերից:
Ռոզենֆելդն այդ իրադարձությունն անվանել է «չափազանց նշանակալի և կարևոր՝ իրականացվելիք անվտանգության միջոցառումների տեսանկյունից»:
Հնարավոր է՝ մարտի 20-22-ը կայանալիք այցի օրերին ճանապարհների զանգվածային խցանումներ նկատվեն, սակայն երթևեկությանը հնարավոր կլինի շուրջօրյա հետևել ոստիկանության Facebook-ի էջում:
Մարտի 20-ին Օբաման կժամանի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան, որտեղից կմեկնի Երուսաղեմ:
Հաջորդ օրն Օբաման կայցելի Ռամալլա և պաղեստինյան տարածքներ: Վերջին օրն Օբաման կլինի Թել Ավիվում:
Ոստիկանության գլխավոր տեսուչ Յոհանա Դանինոն ասել է, որ «դա ազգային առաքելություն է, որը կանցկացվի իսրայելական ոստիկանության ղեկավարությամբ և կհամակարգվի տարբեր մարմինների կողմից՝ Ոստիկանության, ՇԱԲԱԿ-ի, ՑԱԽԱԼ-ի, վթարային-փրկարարական ծառայությունների, կառավարական գործակալությունների»: