«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991 թվականին ՀՀ ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանը շարունակում է զբաղվել քաղաքականությամբ: Երբեմն դա անում է հրապարակային ձևով, երբեմն՝ ոչ: Այժմ հրապարակային շրջանն է: «Հրապարակը» գրում է, որ նրա տեսակետներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե տեսանելի քաղաքական անցուդարձը՝ ընտրությունները, հետընտրական զարգացումները, դիմակահանդես է, իսկ բուն գործընթացներն աչքից հեռու են կատարվում: «Ամբողջ քաղաքական պնակը մտած է տարբեր ուժերի հետ տարբեր տիպի հարաբերությունների մեջ: Հայաստանը արտաքին ուժերի կողմից վերածվել է թատերաբեմի, և այդ գործարքները, բախումները լրիվ արտաքին ուժերի հետ պայմանավորված են»:
– Ո՞րն է այս ընտրությունների առանձնահատկությունը:
– Ընտրությունների այս կերպը՝ անձի իշխանություն ձևավորելու այս ձևը, կյանքի է կոչել քաղաքական մարդու մի տեսակ, որը պատրաստ չէ իր կառավարման ֆունկցիան որևէ մեկին մեկ ակնթարթով անգամ հանձնել: Մաքսիմումը, ինչին նա համաձայն է, որ այլ անձինք կազմակերպեն որոշում կայացնելու գործընթացը: Անցյալ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունը հավաքում էր իր ներկայացուցիչներին ժողովրդից: Նրանց ինչ-որ ձևով խաբում էին, վախեցնում էին, առնում էին: Իսկ հիմա ժողովուրդ չկա ընտրությունների մեջ: Որևէ ուժ իշխանություններից դուրս չի կարող որևէ բան տնօրինել: Որևէ վերահսկողություն գոյություն չունի, և փառք աստծո:
– Այսինքն՝ լա՞վ է, որ այսպես է:
– Լավ է, որովհետև տեսանք, որ ծածկադմփոցն իրական խնդիրների լուծումը չէ:
– Օտարերկրյա դիտորդների առաքելությունն ինչպե՞ս եք գնահատում:
– ԱՊՀ դիտորդները միշտ գալիս են, թագավորի կենացը խմում են ու գնում են: Նրանք չեն միջամտում: Եվրոպացիները թիթիզ-միթիզ գալիս են, ֆիքսում են մի քանի սխալներ, դրանք դարձնում են թոկ, գցում են իշխողի բկից, որպեսզի այս երկիրն իրենց կողմից թալանվի էապես ավելի էֆեկտիվ, քան թալանվում է: Սրանք բացահայտ շնանոց են, որին պետք է քշել այստեղից: Այս շնանոցը, որը գալիս է այստեղ, որևէ կապ չունի Բախի, Բեթհովենի, Մոցարտի հետ:
– Հայրիկյանի մահափորձն է՞լ էր դրսի կենտրոնների կազմակերպածը:
– Ես տեսնում եմ կենտրոնների պայքարի ինչ-որ էլեմենտներ: Մեր կարկառուն դեմքերի գնահատականներն եմ լսում, որ ստեղ չի կիրառվել «Սթելս» տեխնոլոգիա, այսինքն՝ չի հայտնվել մի հատ «բեսպիլոտնիկ», էնտեղից չի արձակվել մի հատ հրթիռ, գար, փամփուշտի տեսքով կպներ Պարույր Հայրիկյանի կրծքի ճշգրիտ այն կետին, որը որոշված է: Ուրեմն, դա Ամերիկան չի կազմակերպել: Հենց «Սթելս» տեխնոլոգիան սա է, որ մի հատ ապուշ, բոմժ գալիս անում է մի արարք, և հետո խելոքներն ընկնում են դեսուդեն, մտածում են, վերլուծում են: Ինչքան ավելի ապուշ ձևով է կազմակերպված օպերացիան, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դա «Սթելս» տեխնոլոգիա է, չերևացող, իսկ երբ որ հրթիռ է երևում, դա երևացողն է:
– Նպատակը Ռուսաստանի վրա գցե՞լն էր:
– Չէ, ես դա չեմ կարող ասել: Սա շատ ավելի բարդ կծիկ է: Հիմա զգացվում են մի շարք նշաններ դրա հետ կապված: Տեսնում եմ, որ շատ բարդ խաղ է: Ընտրություններն անցան, և այս խաղը սկսվել է, մեկը մյուսին ջարդելու են: Միակ բանը, որ ժողովրդին կարող եմ առաջարկել՝ պետք է սատանի մայլում քյանդրբազությամբ զբաղվողների հետ գործ չունենա: Իսկ քաղաքական գործիչները խաղի մեջ են, որը նարկոմանիայի պես բան է, որից դժվար է դուրս գալ: Իրենք խճճվելու են այդ 10 հարկանի քաղաքական գործառույթներում և դրա զոհն են դառնալու: Օլիգարխների զոհ դառնալու մասին 2 տարի է՝ խոսում են, բայց ոչինչ չարեցին: Լափամանը ուզեցին պահպանել: Օլիգարխ, որ ասում եմ, հասկանում եմ նրանց սպասարկող պաշտոնյաներին, նախարարներին: Որ վայրկյանին ուզեցան, ամենացածր պաշտոնյայից մինչև վերև դարձնելու են թիրախ, և սա ուղղակի նյութ է, մսի գունդ, որով արտաքին աշխարհը լուծելու է իր հարցերը: Իր համար մեկ է՝ բոմժ է դա, թե նախագահ:
– Մեր քաղաքական վերնախավը գիտի՞ Ձեր ասած խաղի մասին:
– Պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում: Կուտ է, կերաք, միլիոն ա, միլիարդ ա, հիմա էլ երկրի մասին մտածեք: Իմիջիայլոց, շատերը այդ նույն օլիգարխներից, քաղաքական գործիչներից տաղանդավոր մարդիկ են, բայց մտել են ապուշ խաղի մեջ: Ուլունք են խաղում: Պապուասներին ոնց որ ուլունքով խաբելով ամեն ինչ ձեռքներից առնում էին, ոնց ուզում, շարժում են և հարցերը լուծում են: Սրանց էլ թվում է, թե մեծավորներն իրենց հետ հարց են լուծում:
– Այս ամբողջ խաղի մեջ հնարավոր չի՞ փրկել իրավիճակը:
– Մի ձև կա: Ժողովուրդն ի վիճակի է վերցնել, իր գործերը կառավարել և բոլոր քաղաքական գործիչներին իրենը սարքել: 88-ի փետրվարի 19-ի դրությամբ մենք ունեինք կաշառակեր նախարարներ, շրջկոմի քարտուղարներ, լիքը տարբեր թալանչիներ, ցեխավիկներ, «օլիգարխ» բառն այն ժամանակ չկար: Մեկ էլ մի շաբաթվա ընթացքում հանրապետությունում չմնաց ոչ մի կաշառակեր: Այդ նույն կաշառակեր դատավորն իր տեղը նստած՝ արդար դատ սկսեց անել: Շրջկոմի քարտուղարը հրավիրում էր իմացող մարդկանց այս կամ այն խնդրից, և սա մի ակնթարթում լուծվում էր: Պետք է մարդիկ հիշեն, որ իրենք սա արել են: Էսօր ավելի լավ կարող են անել, որովհետև հազար բան տեսել են, տեխնոլոգիաները զարգացած են, ինտերնետը հնարավորություններ է տալիս հարցերը քննարկելու, խելացի մարդկանց դրսևորվելու: Կարծում եմ՝ լավ ապագա է սպասվում մեր ժողովրդին:
– Ինչո՞ւ 5 տարի առաջ ՀԱԿ–ը չկարողացավ օգնել այս պրոցեսին:
– Նրանք խոստացան, ՀԱԿ ձևավորելով, ստեղծել հայ ժողովրդի ինքնակառավարման համակարգ: Ասվեց, որ ՀԱԿ-ը հնդկական ազգային կոնգրեսի նմանակով է ստեղծվում: Ձեռք էին բերել ահռելի հեղինակություն, հսկայական մտածող երիտասարդ, մտավորական զանգված, բայց ժողովրդի ինքնակառավարման համակարգը, որպես գերխնդիր, չռեալիզացվեց, արդյունքում եղան այն կորուստները, որ եղան:
– Ի՞նչը խանգարեց:
– 88-ից հետո ամբողջական շարժում մենք չենք ունեցել: ՀԱԿ-ի շուրջ ձևավորված շարժումը հատվածային էր: Կային նրանք, ովքեր Լևոնի գործակիցներն են, նրանք, ով Սերժ-Ռոբի կողմնակիցներն են, և կա երրորդ խումբը, ով ասում էր, կոպիտ ասած՝ սաղի բոյն էլ թաղեմ: Կար նաև այլ տրոհում՝ Արցախի հարցի ազգային և զիջողական լուծման շուրջ ձևավորված: Կան ազնիվ մարդիկ, որոնք գուցեև դեմ են գողություն իրականացնող իշխանությանը, բայց նաև դեմ էին զիջումների, առևտրի գնալուն: Այս իմաստով ՀԱԿ-ի ձևավորած շարժումը մնաց հատվածային:







































