Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը և «Հետք» էլեկտրոնային պարբերականը տեղեկություն էին հրապարակել, ըստ որի՝ Ucom և Orange Armenia ընկերությունների բանակցությունների արդյունքում Ucom ընկերությունը ձեռք է բերել Orange Armenia-ն։ Գործարքի մանրամասները չէին հրապարակվել:
Orange Armenia ընկերության գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր հրավիրած ասուլիսում ըստ էության հաստատեց տարածված տեղեկությունները՝ հավելելով, որ ընկերությունը գոյություն ուներ, այժմ գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ հայկական շարժական կապի շուկայում։
Ընկերությունը շարունակելու է պահպանել իր լիցենզիան, ցանցային ենթակառուցվածքը, շարունակելու է սպասարկել իր շուրջ 650.000 բաժանորդներին իր ունեցած սպասարկման սրահներում։ Բանակցությունները վերաբերում են ոչ թե Orange Armenia-ի՝ հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսվում, և Orange խմբից բաժնետոմսերի փոխանցումը Ucom ընկերությանը»,- պարզաբանեց ընկերության գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:









































