ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների, մարզային կառույցների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և աշխատանքային հաջողություններ մաղթեց: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի առկա խնդիրների լուծմանը, իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Ա. Գևորգյանը նշել է, որ մարզում առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և համատեղ արդյունավետ աշխատանքը, ընթացիկ և առաջիկա ծրագրերի հաջող իրականացումը էապես կնպաստի դրանց լուծմանը:
Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում: Քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարների նկատմամբ պարտավորությունների կատարման խնդրին:









































