Կարծիք կա, որ տարեց մարդկանց սննդակարգում պետք է կրճատել ճարպերի և շաքարի քանակը՝ նրանց առողջությունը և ակտիվությունը պահպանելու համար։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մսամթերքից և կաթնամթերքից ամբողջովին հրաժարվելու կարիք չկա:
Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունից պարզվել է, որ կենդանական ծագում ունեցող մթերքների մեջ կա կարնիտին, որը բարձրացնում է մկանային ուժը և դիմադրողականությունը: Այդ բաղադրիչը անհրաժեշտ է ցանկացած տարիքում, իսկ տարեցների համար դա հատկապես կարևոր է։ Այս մասին հայտնում է Kedem-ը:
Մարդու օրգանիզմը ունակ է ինքնուրույն կարնիտին արտադրելու, սակայն տարիքի հետ այդ ունակությունը նվազում է, ինչը դիմադրողականության թուլացման պատճառ է դառնում: Ամենաշատ կարնիտին պարունակում է կարմիր միսը, փոքր-ինչ քիչ՝ թռչնամիսը, ձկնեղենը, կաթնամթերքը և ձուն:
Այդ մթերքները ոչ մեծ քանակությամբ պետք է լինեն տարեցների սննդակարգում, իսկ դրանց չարաշահումը նույնպես բերում է վատ ինքնազգացողության:







































