Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ Իրանի ու Գերմանիայի միջև հարաբերությունները կօգնեն մերձեցնել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներին։ Այս մասին փոխանցում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Մենք հույս ունենք, որ գերմանական պատվիրակությունը դրական դեր կխաղա Իրանի և Եվրոպայի կապերի ընդլայնման հարցում՝ այնպես, ինչպես բանակցություններին»,- հայտարարել է Ռուհանին երկուշաբթի Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ։
Ռուհանին հավելել է, որ «վեցյակի» հետ Իրանի կապերի ընդլայնումը տնտեսության ու առևտրի ոլորտում կարող է երաշխավորել միջուկային ծրագրով համաձայնագրի կատարումը։
Գերմանական 60 հոգանոց պատվիրակության այցը դարձել է հուլիսի 14-ին միջուկային ծրագրով համաձայնագրի կնքումից հետո նման բարձր մակարդակի եվրոպական խմբի առաջին այցը։ Գաբրիելն այցի հրավեր էր ստացել Իրանի նավթարդյունաբերության նախարարից։











































