Գերմանացի առաջատար տնտեսագետները, փաստաբանները և գործարարները հայտարարել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ստեղծման մասին, որի ծրագրի գլխավոր կետը եվրոգոտուց Գերմանիայի դուրս գալն է, հաղորդում է Reuters-ը:
Սեփական կայք և Twitter-ում հաշիվ ունեցող կուսակցության հիմնադիր հավաքը պետք է տեղի ունենա այս շաբաթ Մայնի Ֆրանկֆուրտում:
Կուսակցության հիմնադիրները հայտարարում են, որ գոհ չեն իրերի ներկայիս դրությամբ, երբ Բունդեսթագում ներկայացված կուսակցություններից որևէ մեկը նույնիսկ կասկածի տակ չի դնում Գերմանիայի ներկայության անհրաժեշտությունը եվրոգոտում: Նրանց նաև բարկացնում է այն , որ Գերմանիան տասնյակ միլիարդավոր եվրո է ծախսում ճգնաժամի մեջ գտնվող Եվրոպայի հարավի երկրների տնտեսություններին աջակցելու համար:
Համբուրգի համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Բերնդ Լյուկեն Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «միասնական արժույթը ոչ միայն Եվրոպային չի օգնում դուրս գալ ճգնաժամից, այլ նաև աստիճանաբար փլուզում է մայրցամաքի տնտեսությունը»: Այս կապակցությամբ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջարկում է կամ վերադառնալ Deutsche Mark-ին, կամ հոլանդացիների, ֆինների և ավստրիացիների հետ ստեղծել միասնական արժույթ: Նույնիսկ Ֆրանսիայի տնտեսությունը նրանց համար բավականաչափ կայուն չէ նման միության համար:
Սոցիոլոգների գնահատմամբ՝ կուսակցության ծրագիրը վատ հնարավորություններ չունի երկրի քաղաքացիների հավանությունը ստանալու համար: Գերմանացիների առնվազն ¼-ը հանդես է գալիս հօգուտ եվրոյից հրաժարվելուն:
Կուսակցության անդամների կարծիքով՝ Եվրամիությունն օգտակար է իրենց երկրի համար, սակայն նրանք անընդունելի են համարում Գերմանիայի մասնակցությունը եվրոգոտուն:
Նշենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2013թ. սեպտեմբերին:








































